Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԵՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԵՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
13.10.2009 | 00:00

Աստծո անցած յոթ օրում Հայաստանում բոլորը, կարծես, զբաղված էին փիլիսոփայական մի անլուծելի խնդրի լուծմամբ` ապացուցել, որ անտրամաբանական են տրամաբանության որոնումները: Մի կողմից` իր պատմության պատմությամբ մարդկությունն ապացուցել է, որ տրամաբանությունը պատահական կատեգորիա է, մյուս կողմից` այդ պատմության պատմությունը տրամաբանական օրինաչափությունների անհերքելի փաստեր է արձանագրել: ՈՒրեմն` ի՞նչ անել, ո՞րն է մեր դեպքը:
Ավարտելով իր համահայկական ուղևորությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հասցրեց Քիշնևում մասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ քննարկվել են գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը, հումանիտար ոլորտում ինտեգրացիոն գործընթացներին, անվտանգության բնագավառին առնչվող, ԱՊՀ կանոնադրական ու այլ մարմինների գործունեության օպտիմալացման ընթացակարգերին վերաբերող փաստաթղթեր: Քիշնևում կայացել է ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցեր: Հանդիպել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները` ԱՄՆ-ի դեսպանի կեցավայրում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը մեկնարկել է ընդլայնված ձևաչափով` երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ, հետո նախագահները զրույցը շարունակել են մենակ, որից հետո վերադարձել են համանախագահները և արտգործնախարարները:
Համանախագահները լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շարունակել են այն հարցերի քննարկումը, որոնց շուրջ դեռևս չկա փոխըմբռնում: Նրանք ասել են, որ բանակցությունները շարունակվում են միջազգային իրավունքի և հիմնարար փաստաթղթերի բոլոր` ինքնորոշման իրավունքի, ուժի կիրառման բացառման և Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված հայտնի սկզբունքների շրջանակում: Շեշտվել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը չի առնչվում հայ-թուրքական երկխոսությանը, և դրանք տարբեր տրամաբանությամբ առանձին գործընթացներ են:
Քիշնևյան հանդիպումից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հայտարարել է, թե նախագահները համանախագահներին խնդրել են մադրիդյան փաստաթղթին կցել երաշխավորագրեր: Նա հայտարարել է, որ փաստաթղթի հիմնական սկզբունքներն են ինքնորոշումը, տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը, որոնց նախագահները համաձայն են:
Հոկտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն ասուլիսում հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը: Նրա կարծիքով` Կովկասի բանալին գտնվում է Ղարաբաղում, իսկ հայկական կողմը Ղարաբաղի հարցում զիջումների չի գնա` անկախ ստորագրված փաստաթղթերից, քանի որ դա թույլ չեն տա նրանք, ովքեր պատերազմել են Ադրբեջանի դեմ ու հաղթել: Իսկ հայ-թուրքական սահմանը կբացվի, երբ Ղարաբաղը նվիրենք Ադրբեջանին: «Հայ ժողովուրդը միակն է աշխարհում, որ պատրաստ է տարածքներ զիջելու, հավատալով, որ դրանից կյանքը կլավանա: Կարծում եմ` հայ ժողովրդին պետք է գրանցել Կարմիր գրքում», -ասել է Սամվել Բաբայանը, չգիտես ինչու, շփոթելով ժողովուրդ և իշխանություններ` իրարից բոլորովին տարբեր հասկացությունները:
Financial Times-ը գրել է. «Եթե Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվող արձանագրությունները կյանքի կոչվեն, դա կլինի Թուրքիայի հաղթանակը, որ առավել ակտիվ է դառնում տարածաշրջանային դիվանագիտության ոլորտում և փորձում է դառնալ առանցքային ուժ Կովկասում կայունություն ապահովելու գործում»։ Պարբերականի գնահատմամբ` համաձայնագրերն արտացոլում են այն կարևորությունը, որ ԱՄՆ-ը տալիս է ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում սառեցված հակամարտությունների կարգավորմանը, որ դեպի Արևմուտք ճանապարհ կբացի Կասպից ծովի նավթի ու գազի համար:
Րաֆֆի Հովհաննիսյանի նվիրական ոտնահետքերով նամակագրական ժանրը զարգացնում է Վազգեն Մանուկյանը, որը, գերզբաղված լինելու պատճառով հնարավորություն չունենալով հանդիպելու իր կուսակիցներին, իսկ գուցե պարզապես նրանց չգտնելով, նամակ է գրել` հայ-թուրքական հարաբերությունների հարցում իր դիրքորոշումը հիմնավորելով: Վազգեն Մանուկյանը սփյուռքի հարցերում հարմար չի գտնում տեսակետ արտահայտել` խոհերը վստահում է նամակին. «Առաջանում է նուրբ հարց` կապված սփյուռքի հետ. արդյո՞ք պետական պրագմատիզմը` կապված Թուրքիայի սահմանը բացելու հետ, որը խիստ անհրաժեշտ է Հայաստանի համար, չի առաջացնում շահերի հակասություն Հայաստանի և սփյուռքի միջև և հետագայում չի՞ օտարի արդյոք սփյուռքին Հայաստանից: Պետք է հստակ հասկանալ, որ ներկայացված փաստաթղթերը ստորագրվում են Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների միջև, և ոչ թե աշխարհասփյուռ հայության ու Թուրքիայի միջև, դա նշանակում է, որ սփյուռքը, ընկալումով վերաբերվելով Հայաստանի դիրքորոշմանը, Հայաստանի անմիջական աջակցությամբ պետք է վարի ինքնուրույն քաղաքականություն Թուրքիայի հետ` որպես մեր ժողովրդի այն հատվածի, որը, ցեղասպանության պատճառով զրկվելով իր հայրենիքից և ունեցվածքից, մինչև այժմ գտնվում է վտարանդի վիճակում և իր իրավունքների պահանջատերն է Թուրքիայի առջև, միջազգային հանրության առջև»: Ինչ ուսուցիչ է անհայտ կորել, ինչ կոմունիստ, ինչ աներկբա ֆանատիկոս... Հանրային խորհրդի նախագահը, խրված պետական պրագմատիզմի մեջ, չի ընդունում, որ հայրենիքի ու սփյուռքի անջրպետը հին-հին է, և իր` «պետք է հստակ հասկանալ» դիրեկտիվով այդ անջրպետը չի հաղթահարվի ո՛չ այս կողմում, ո՛չ այն կողմում, չի հասկացվի, որովհետև որքան բազմատարր է սփյուռքը, այնքան անհնար է մի արշինով բոլորին չափել: Եվ միֆ է, թե սփյուռքը կարող է «ինքնուրույն քաղաքականություն վարել Թուրքիայի հետ», որովհետև դրա համար նվազագույնը պետք է ինքնուրույն պետություն լինես: Իհարկե, անպատշաճ է ուրիշին ուղղված նամակները կարդալը, բայց դա նաև գրողի մեղքն է:
2791-ամյակը նշեց Երևանը: Աշխարհի քիչ քաղաքներ կարող են նման շքեղություն թույլ տալ իրենց, ավելի ճիշտ` այդքան դարերի միջով անցնելու և դեռ լինելու հանդգնություն: Բայց երբ անքաղաքավարի ու անկիրթ մեկը որոնի եթե ոչ մ.թ.ա. 782 տարիների գեթ մեկ վկայություն, այլ մ.թ. 2009 տարիների, միայն կարող է մի քանի շենք գտնել 20-րդ դարից: Ահա ինչ շինարար ժողովուրդ ենք, քարը քարին չենք թողնում:
Հոկտեմբերի 7-ին Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է իր զեկույցը` եզրակացնելով, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 2 տասնամյակ ձգվող բանակցությունների ընթացքում հիմնական սկզբունքների շուրջ նախնական ձեռքբերումները կարող են հաջողությամբ պսակվել: Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները կարծում են, որ Հայաստան-Թուրքիա հաշտեցման ջանքերը հնարավորություն են տալիս հանգուցալուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Զեկույցը նշում է, որ հայտարարված զինադադարն ավելի փխրուն է դարձել, չեն նվազել անվստահությունը և կասկածները, երկու կողմերն էլ համարում են, որ բանակցությունները ձևական են: Խումբը բանակցող կողմերին առաջարկում է վերահաստատել զինադադարի պայմանները, Ադրբեջանին հորդորում է հեռացնել դիպուկահարներին շփման գծից, Հայաստանը և Ադրբեջանը պետք է մեխանիզմներ մշակեն «գրավյալ» տարածքներից հայկական զինուժը դուրս բերելու:
Ֆրանսիան Թուրքիային առաջարկել է մասնակցել ատոմային ծրագրերին Միջին Ասիայում: Ֆրանսիայում Թուրքիայի օրերի շրջանակներում Սարկոզի-Գյուլ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կնորմալանան, իսկ Գյուլը նկատել է, որ Անկարան հետաքրքրված է ֆրանսիական առաջարկներով: Սարկոզին ցանկանում է, որ ֆրանսիական էներգետիկ GDF Suez խումբը միանա ՆԱԲՈՒԿՈ-ի կառուցմանը:
Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները: Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարներն ավարտեցին ֆուտբոլային դիվանագիտության առաջին խաղակեսը: Վերջ առաջին արարի, երկրորդը կլինի, երբ արձանագրությունները հասնեն խորհրդարան: Իհարկե, դիվանագիտական խաղերը հետաքրքիր են ու գուցե նաև ինչ-որ պարագաներում անխուսափելի ու օգտակար, բայց` դիվանագետների համար: Իսկ շարքային մահկանացուներին դրանք հետաքրքրում են միայն արդյունքի տեսակետից: Հոկտեմբերի 10-ի արդյունքն անակնկալներով, բայց ձեռք բերվեց: Մնում է սպասել երրորդ արարին, որն ամենագործնականն ու ամենաօգտակարն է, եթե, իհարկե, լինի: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից կարճ ժամանակ անց` հոկտեմբերի 11-ին, ժամը 1.25-ին, հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը. «Մենք բազմիցս նշել ենք, որ մի պետության հարաբերությունները մեկ այլ պետության հետ այդ պետության սուվերեն իրավունքն են: Սակայն Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը, նախքան հայկական զորքերն ադրբեջանական օկուպացված տարածքներից դուրս բերելը, Ադրբեջանի շահերին ուղղակի հակասում է և ստվերում Ադրբեջանի ու Թուրքիայի եղբայրական հարաբերությունները, որ կառուցված են պատմական խոր արմատների վրա»: Ադրբեջանական կողմը հիմք է ընդունում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները թուրք-հայկական սահմանի բացման անհնարինության մասին, քանի դեռ Հայաստանը չի դադարեցրել Ադրբեջանի տարածքների օկուպացիան: Ահա այսպիսի գիշերային «շնորհավորանք» մեր մյուս հարևանից` մեր մի հարևանի հետ նախատեսվող հարևանության առիթով:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ